«This Summer's Gonna Hurt like a Motherfucker» | |||||
---|---|---|---|---|---|
![]() | |||||
Maroon 5-ի սինգլը | |||||
«V» ալբոմից | |||||
Թողարկված | Մայիսի 15, 2015 | ||||
Ֆորմատ | Երաժշտության ներբեռնում | ||||
Ձայնագրված | 2015 | ||||
Ժանր | Սինտփոփ | ||||
Երգահան | Shellback | ||||
Տևողություն | 3:44 | ||||
Լեյբլ | Interscope Records | ||||
Պրոդյուսեր | Shellback | ||||
Maroon 5-ի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«This Summer's Gonna Hurt like a Motherfucker» (նաև հայտնի է որպես «This Summer's Gonna Hurt...» կամ «This Summer»), ամերիկյան Maroon 5 խմբի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի մայիսի 15-ին՝ որպես խմբի «V» կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է խմբի վոկալիստ Ադամ Լևինի և երգերի հեղինակ/երաժշտական պրոդյուսեր Shellback-ի կողմից, ով նաև երգի պրոդյուսերն է[2]։ Սա սինտփոփ ժանրի ստեղծագործություն է այն մասին[3], թե ինչպես է երգի կատարողը գերվել բարետես արտաքին ունեցող մի աղջկանով, ով այդքան էլ խելացի չէ և կյանքում միայն հետաքրքրված է նյութական արժեքներով[4]։
Երգը դրական ընդունելության է արժանացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը այն համարել են 2015 թվականի ամռան հիթ։ Երգը Միացյալ Նահանգների Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[5]։ Այն նաև հորիզոնականներ է զբաղեցրել Կանադայի, Ավստրալիայի, Հարավային Կորեայի և Եվրոպական մի շարք այլ երկրների հիթ շքերթներում[6][7][8]։ Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Թրևիս Շնայդերը և Ադամ Լևինը, նկարահանվել է Լոնդոնում և թողարկվել է 2015 թվականի մայիսի 30-ին[9]։ Տեսահոլովակն այն մասին է, թե ինչպես է Լևինը ետնաբեմում նախապատրաստվում իր ելույթին և բեմ բարձրանում[9]։ Երաժշտական քննադատները տեսահոլովակն անվանել են «աշխատանքի համար վտանգավոր», քանի որ տեսահոլովակում մի պահ ցուցադրվում է մերկ տեսարան[10]։ Maroon 5-ը երգը կատարել է «The Voice» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ[11], ինչպես նաև իր համերգային շրջագայությունների ժամանակ։ Թողարկվել է նաև երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է շվեդ դիջեյ Ալեսոն[12]։
2014 թվականի օգոստոսին խումբը թողարկեց իր հինգերորդ ստուդիական ալբոմը, որը կրում է «V» անվանումը[13]։ Ալբոմը զբաղեցրեց առաջին հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում և դարձավ խմբի երկրորդ ալբոմը, որը գլխավորել է այդ հիթ շքերթը[14]։ Ալբոմի «Maps», «Animals» և «Sugar» երգերը թողարկվեցին որպես սինգլներ և ունեցան կոմերցիոն մեծ հաջողություն[15]։ Ալբոմը գովազդելու նպատակով 2015 թվականի փետրվարին խումբը սկսեց իր համերգային շրջագայությունները ամբողջ աշխարհով[16]։
2015 թվականի մայիսի 6-ին հայտարարվեց, որ առաջիկայում Maroon 5-ը պատրաստվում է վերաթողարկել «V» ալբոմը և այն ներառելու է խմբի նոր սինգլը, որը կոչվում է «This Summer's Gonna Hurt»[1]: Մի քանի օր հետո հայտնի դարձավ, որ երգի պաշտոնական անվանումը լինելու է «This Summer's Gonna Hurt like a Motherfucker»[17]: Համացանցում հայտնվեց նաև սինգլի շապիկը, որի վրա պատկերված է ջրի ալիք և գրված է երգի անվանումը[17]։ Չնայած ի սկզբանե երգը նախատեսված էր ներկայացնել մայիսի 17-ին[1], սակայն այն թողարկվեց երկու օր ավելի շուտ՝ մայիսի 15-ին և դարձավ ալբոմի չորրորդ սինգլը[18]։ Նույն օրը՝ մայիսի 15-ին, վաճառքի դուրս եկավ նաև «V» ալբոմի վերաթողարկված տարբերակը[19]։ Երգի պաշտոնական ռեմիքս տարբերակը, որի հեղինակն է շվեդ դիջեյ Ալեսոն, թողարկվել է 2015 թվականի հունիսի 29-ին iTunes-ում[12]։ Խոսելով երգի մասին՝ Ալեսոն ասել է․ «Դա այն երգերից է, որ դուք պետք է լսեք շատ բարձր հնչողությամբ։ Այն ինձ համար ամառվա երգն է»[20]։ Լևինը իր Թվիթթերի էջում Ալեսոյի ստեղծած ռեմիքսը անվանել է «ապշեցուցիչ»[21]։
Երգը գրվել է խմբի վոկալիստ Ադամ Լևինի և շվեդ երաժշտական պրոդյուսեր/երգերի հեղինակ Shellback-ի կողմից, ով նաև զբաղվել է երգի պրոդյուսերական աշխատանքով[2]։ Shellback-ի հետ խումբը նախկինում բազմիցս աշխատել է[22], իսկ առաջին անգամ նրանք համագործակցել են 2011 թվականին, երբ խումբը աշխատում էր իր «Moves like Jagger» սինգլի վրա[23]։ «This Summer's Gonna Hurt like a Motherfucker» երգը 3 րոպե 44 վայրկյան տևողությամբ սինտփոփ ստեղծագործություն է[3][24][25]։ Երգը մի աղջկա մասին է, ով իր գեղեցկությամբ ու գրավչությամբ գերել է երգը կատարողին։ Երգի առաջին տան մեջ Լևինը երգում է․ «Նրա մարմինը տաք է/Նրա մարմինը նման է ամռանը/Ես տրանսի մեջ եմ կամ դրա նման մի բան»։ Հաջորդ մասերում պարզ է դառնում, որ չնայած այդ աղջիկը ունի գեղեցիկ արտաքին, սակայն նա այդքան էլ խելացի չէ, ու կյանքում նրան միայն հետաքրքրում են նյութական արժեքները։ Հատվածներից մեկում Լևինը երգում է․ «Ես տեսնում եմ նրան հիմարի պես պարելիս/Կարծես թե նա 17 տարեկան է ու լավն է/Նա իրոք մտածում է, թե կարող է շարժվել/Բայց դա պարզապես զզվելի է»։ Երգի կատարողը գիտակցում է, որ ապագա չունի այդ աղջկա հետ, սակայն չի կարող դիմադրել նրա գեղեցկությանը[4]։ Երգի կրկներգում բազմիցս օգտագործվում է «fuck» բառը, որը ռադիո հեռարձակումներում և կենդանի ելույթների ժամանակ սովորաբար չի հնչում, քանի որ հայհոյանք է[26]։ «AXS» կայքի լրագրող Բրիթնի Ֆրեդրիկը գրել է, որ խումբը վերջին անգամ այդ բառը այսքան շատ օգտագործել էր 2007 թվականին թողարկված իր «Makes Me Wonder» սինգլում[27]։
Երգը հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից։ «Bustle» ամսագրի լրագրող Ալեքս Քրիտսելիսն երգը անվանել է «աներևակայելի գրավիչ» և գրել է, որ հավանաբար այն կհնչի ամենուրեք 2015 թվականի ամառվա ընթացքում[28]։ Ըստ «E! Online» կայքի լրագրող Զաք Ջոնսոնի՝ երգի կրկներգը կարող է դառնալ ամռան ամենագրավիչ կրկներգը[29]։ «HitFix» կայքի լրագրող Քեթի Հեսթին երգը համեմատել է բրիտանացի երգչուհի Էլլի Գոլդինգի երգերի հետ, ինչպես նաև ավելացրել է, որ այս երգը ունի մի հատված, որը կարծես թե «ծաղրում» է ավստրալիացի ռեփեր Իգի Ազալիայի «Fancy» երգին[30]։ «AXS» կայքի լրագրող Բրիթնի Ֆրեդրիկը գրել է, որ երգը առաջին անգամ լսելուց հետո այն դառնում է «տարօրինակ կերպով գրավիչ»[27]։ iHeartRadio ռադիոկայանի կայքը գրել է, որ ինչպես խմբի մյուս երգերը, այս մեկը նույնպես «ակնթարթորեն կխրվի ձեր գլուխը»[31]։ Ըստ «Mic» մեդիա ընկերության լրագրող Թոմ Բարնսի՝ չնայած այս երգը այդքան «վարակիչ» չէ, ինչպես խմբի «Sugar» կոչվող նախորդ սինգլը, սակայն սա փոխանցում է ամառվա զգացումը ունկնդիրներին[32]։
2015 թվականի մայիսի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնի Wembley Arena արենայում կայացավ խմբի մենահամերգը, որի ընթացքում նաև նկարահանվեց տեսահոլովակը[9]։ Երգի սև/սպիտակ տեսահոլովակը, որի ռեժիսորներն են Թրևիս Շնայդերը և Ադամ Լևին, նկարահանվել է մի քանի րոպեում՝ առանց մոնտաժի[33]։ Ռեժիսորները ոգեշնչվել են 1990 թվականին էկրան բարձրացած «Փառավոր տղամարդիկ» (անգլ.՝ Goodfellas) ֆիլմից և երգիչ Էլթոն Ջոնի «I Want Love» երգի տեսահոլովակից, որոնց տեսարանները նույնպես նկարահանվել են առանց դադարների[33]։ Խումբը երգի տեսահոլովակը ներկայացրեց մայիսի 30-ին ՅուԹյուբի իր էջում[9]։ Տեսահոլովակի սկզբում ցուցադրվող մերկ տեսարանի պատճառով ՅուԹյուբը նախազգուշացում և պահանջ տեղադրեց տեսահոլովակի վրա, ըստ որի՝ դիտել ցանկացողները պետք է լինեն գրանցված այդ վիդեոհոսթինգում և լինեն 18 տարին բոլորած[34]։ Այդ զգուշացումից հետո, երբ տեսահոլովակը արդեն 1 միլիոնից ավել դիտում էր հավաքել, խումբը ՅուԹյուբից հեռացրեց տեսահոլովակը և հունիսի 1-ին այն տեղադրեց իր VEVO ալիքում, որի շնորհիվ այն կրկին հասանելի դարձավ ՅուԹյուբում և առանց զգուշացնող հաղորդագրության[34]։ Տեսահոլովակի այն հատվածը, որի ընթացքում Լևինը ամբողջովին մերկ մեջքով կանգնած է տեսախցիկի առջև, մեծ ուշադրության արժանացավ հանդիսատեսի և քննադատների կողմից[35]։ Ռեժիսոր Թրևիս Շնայդերը նշել է, որ Լևինը սկզբում տատանվում էր մերկ տեսարանը ներառել տեսահոլովակում թե ոչ, սակայն ի վերջո համաձայնել է[33]։ Խոսելով այդ տեսարանի մասին՝ Շնայդերը նաև ասել է․ «Դա իրականություն է։ Մինչև շոուն նա դուրս է գալիս լոգարանից, փաթաթվում է սրբիչով և այն դեն է նետում, որպեսզի հագնվի։ Աբսուրդ է, թե ինչքան շատ բռնության ու թրմանյութերի օգտագործման տեսարաններ կարող են ցուցադրվել հեռուստատեսությամբ, Թվիթթերում, Ինստագրամում և այլուր, սակայն մարդու հետույք ցուցադրելը անընդունելի է։ Կարծում եմ` երկուսս էլ համաձայն ենք, որ ստանդարտները պետք է փոխվեն»[33]։ Հունիսի 12-ին VEVO-ում տեղադրվել է տեսահոլովակի մեկ այլ տարբերակ, որում մերկ տեսարանը փակված է ժպիտիկով, իսկ երգում հնչող հայհոյանքները փոխարինվել են «aha» բառով[36]։
Տեսահոլովակի սկզբում Լևինը, դուրս գալով լոգարանից, գնում է հանդերձարան, որտեղ սկսում է հանգվել։ Այնուհետև նա դուրս է գալիս հանդերձարանից և սկսում է քայլել դեպի բեմ տանող միջանցքով։ Հասնելով մուտքի մոտ՝ նա բարձրանում է բեմ, որտեղ նրան ողջունում է հանդիսատեսը։ Երբ կատարումը ավարտվում է, խմբի անդամները իջնում են բեմից և գնում նստում են իրենց մեքենաները, որպեսզի շարժվեն[37]։
Մի շարք հրատարակչություններ տեսահոլովակը անվանել են «աշխատանքի համար վտանգավոր» (անգլ.՝ not safe for work)։ «Rolling Stone» ամսագրի լրագրող Դանիել Կրեփսը գրել է, որ այս տեսահոլովակը բացահայտում է 2 բան․ առաջինը, թե ինչպես է Լևինը պատրաստվում իր համերգներին և բեմ բարձրանում, իսկ երկրորդը՝ նրա մերկ մարմինը[37]։ «Daily Mail» թերթը տեսահոլովակն անվանել է «տպավորիչ», ինչպես նաև գրել է, որ որոշ երկրպագուներ այն դիտելով կարող են կորցնել իրենց խոսելու ընդունակությունը[38]։ «NewNowNext» կայքի լրագրող Ալեքսանդր Սթիվենսոնը հայտնել է իր ուրախությունը, որ այս տեսահոլովակում չկան արյունոտ մերկ տեսարաններ ինչպես խմբի «Animals» երգի տեսահոլովակում[39]։ «Music Times» կայքի լրագրող Կարոլին Մենյեսը գրել է, որ տեսահոլովակի մերկ տեսարանի շնորհիվ մենք վերջապես հասկացանկ թե ինչու է Լևինը ստացել «Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ» տիտղոսը «People» ամսագրի կողմից[40]։ «Mstarz» կայքը տպավորիչ է համարել այն, որ տեսահոլովակն նկարահանվել է մի քանի րոպեում և առանց դադարի։ Այդ կայքը նաև գրել է, որ չնայած տեսահոլովակի ամբողջ գաղափարը այն է, թե ինչպես է Լևինը պատրաստվում իր ելույթին, սակայն ըստ կայքի՝ ոչ բոլորին է դա հետաքրքրում, քանի որ նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնելու մերկ տեսարանին[10]։
2015 թվականի մայիսի 19-ին խումբն առաջին անգամ երգը կատարել է NBC հեռուստաալիքի «The Voice» նախագծի եզրափակիչ փուլի ժամանակ, որտեղ Ադամ Լևինը ընդգրկված է ժյուրիի կազմում[11]։ Ելույթի ընթացքում խմբի անդամները կրում էին կոստյում, իսկ Լևինը իր ձեռքում պահում էր մեգաֆոն, որով երգում էր կրկներգի մասը[41]։ «AXS» կայքի լրագրող Լորի Մելթոնը դրական կարծիք էր հայտնել կատարման մասին, գրելով, որ Լևինը հանդիսատեսի ուշադրությունը գրավեց իր «կրքոտ ֆալցետներով»[41]։ «Hollywood Life» կայքի լրագրող Քեյսի Մինկը գրել է, որ այդ ելույթով խումբը ցույց տվեց թե ինչու է շուրջ մեկ տասնամյակ գլխավորում հիթ շքերթներ[11]։ 2015 թվականի մայիսից խումբը նաև կատարել է երգը իր համերգային շրջագայություննրի ժամանակ ամբողջ աշխարհով։
Երգը թողարկման առաջին շաբաթում ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթ է մտել 67-րդ հորիզոնականով, իսկ հունիսի 27-ին վերջնական զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը[42][43]։ Կանադայի Canadian Hot 100 հիթ շքերթում երգը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը, ավստրալիական ARIA Charts-ում այն զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը, իսկ Հարավային Կորեայի Gaon-ում զբաղեցրել է 38-րդ հորիզոնականը[6][7][8]։ Երգը նաև հորիզոնականներ է զբաղեցրել Եվրոպական մի շարք հիթ շքերթներում։
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
![]() |
23 |
![]() |
21 |
![]() |
7 |
![]() |
19 |
![]() |
10 |
![]() |
70 |
![]() |
38 |
![]() |
2 |
![]() |
3 |
![]() |
4 |
![]() |
45 |
![]() |
40 |
![]() |
46 |
![]() |
31 |
![]() |
16 |
![]() |
6 |
![]() |
3 |
![]() |
16 |
![]() |
11 |
![]() |
16 |
![]() |
38 |
![]() |
36 |
![]() |
30 |
![]() |
40 |
![]() |
1 |
![]() |
39 |
![]() |
30 |
![]() |
37 |
![]() |
13 |
![]() |
52 |
![]() |
56 |
![]() |
39 |
![]() |
21 |
![]() |
55 |
![]() |
22 |
![]() |
19 |
![]() |
5 |
![]() |
6 |
![]() |
16 |
![]() |
69 |
Հիթ շքերթ (2015) | Զբաղեցրած տեղ |
---|---|
![]() |
44 |
![]() |
84 |
|
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |