Կիլիկիո Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա Հովսեփյան | |
![]() Գարեգին Ա Հովսեփյանց |
Ընդհանուր տեղեկություններ | |
Եկեղեցի | ![]() |
Անուն | Գարեգին Ա Հովսեփյանց |
Տիտղոս | Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք–Կաթողիկոս |
Գահակալություն | 1943 - 1952 |
Իրավանախորդ | ազատ (1940-1943), Պետրոս Ա Սարաճյան (1940) |
Իրավահաջորդ | Զարեհ Ա Փայասլյան (1956-1963) |
Կիլիկիո Կաթողիկոսներ |
Գարեգին Ա Հովսեփյանց (դեկտեմբերի 17, 1867[1], Մաղավուզ, Ջևանշիրի գավառ[1] - հունիսի 21, 1952[1], Անթիլիաս, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան[1]), Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, նշանավոր հայագետ, արվեստաբան, Գերմանիայի Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, ծնվել է Պատմական Արցախի Շամքորի շրջանի Չարդախլու գյուղում, 1867 թվականի դեկտեմբերի 17-ին[2][3]։
Սովորել է ծննդավայրի դպրոցում, ապա Շուշիի հայոց թեմական հոգևոր դպրոցում։
1882 թվականին ընդունվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարան։
1889 թվականին ձեռնադրվել է սարկավագ։
1890 թվականին ավարտել է Ճեմարանը և երկու տարի անց մի քանի այլ սարկավագների հետ (որոնց թվում էր նաև Գևորգ սարկավագը, հետագայում Գևորգ Զ կաթողիկոս) մեկնել է Գերմանիա և Լայպցիգի, Բեռլինի և Հալլեի համալսարաններում խորացրել իր աստվածաբանական և փիլիսոփայական գիտելիքները։ 1897 թվականին Լայպցիգի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան՝ ներկայացնելով «Միակամության ծագումը» թեզը։
1897 թվականին վերադարձել է Էջմիածին, ձեռնադրվել է աբեղա։ Նշանակվել է Ճեմարանում Հայ մատենագրություն և Աստվածաբանություն առարկաների դասախոս։
1898 թվականին ստացել է վարդապետական աստիճան։
1899 թվականին տպագրել է Մխիթար Սասնեցուն և Խոսրովիկ Թարգմանչին նվիրված արժեքավոր աշխատությունը։
Շուտով նշանակվել է Վիրահայոց առաջնորդական փոխանորդ, ապա Երևանի թեմական դպրոցների տեսուչ։
1902 թվականին հրատարակել է «Սասնա ծռեր. Սասունցի Դավիթ ժողովրդական վեպի երկու տարբերակները» ու «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» գրքերը, ավելի ուշ «Ռոստամ Զալ։ Ժողովրդական վեպ» հետազոտությունը։
1902 թվականին ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության կովկասյան բաժանմունքի իսկական անդամ, իսկ 1912 թվականին՝ Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության անդամ։
1905-1906 թվականներին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, իսկ 1907-1908 թվականներին դարձել է «Արարատ» ամսագրի խմբագիր, Հռիփսիմե վանքի վանահայր։
1909-1910 թվականներին մասնակցել է Ն. Մառի ղեկավարած Գառնիի պեղումներին։ Քասախ գետի ակունքների մոտ նրա հայտնաբերած Տրդատ Ա թագավորի հունարեն արձանագրությունը դառնում է դարասկզբի նշանավոր գտածոներից մեկը։
Նա հայ արվեստին նվիրված մի շարք դասախոսություններով հանդես է եկել Կ. Պոլսում, Թիֆլիսում, Մոսկվայում և այլուր։
1913 թվականին հրատարակել է «Գրչության արվեստը հին հայոց մեջ» աշխատությունը։
1914 թվականին լույս է տեսնում Թովմա Մեծոփեցուն նվիրված ուսումնասիրությունը։
Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով Գ. Հովսեփյանը չի կարողանում տպագրել իր «Հայ մանրանկարչության քարտեզ» ծավալուն երկասիրությունը։
1915-1917 թվականներին կրկին նշանակվել է Ճեմարանի տեսուչ, զբաղվել է նաև Էջմիածին եկած հայ գաղթականների խնամքով։
Արևմտյան Հայաստանից բերված ձեռագրերում նա հայտնաբերել է միջնադարյան հեղինակների՝ մինչ այդ կորած համարվող երկերի բնագրեր։
1918 թվականի գարնանը Կարսում հայտնված Գարեգին Հովսեփյանը կարողանում է կանխել քաղաքի հայ բնակչության կոտորումը թուրքական զորքի կողմից։
Ավելի ուշ հոգևոր գործիչ և հայ մշակույթի նվիրյալ գիտնականը սուրը ձեռքին միանում է Սարդարապատի հերոսամարտի զինվորներին, կոչ անում ամենքին զինվել և պաշտպանել հայրենիքը։
1920 թվականի հոկտեմբերի 30-ին ներկա է եղել Կարսի գրավմանը թուրք-հայկական պատերազմի ընթացքում։
1921 թվականին հրատարակում է «Բանբեր» ժողովածուն։
1925 թվականին նա ստանում է արքության պատիվ, երկու տարի անց ընտրվում է Ռուսաստանի, Ղրիմի, Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ։
1938-1943 թվականներին նշանակվում է Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ։
1943 թվականին ընտրվում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս։ Նա մեծ աջակցություն է ունենում «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման գործում, նաև 1946 թ հայրենադարձության կազմակերպման աշխատանքներում։
1890 թվականին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սկսել է զբաղվել բանասիրական աշխատանքով։ Աստվածաբանություն և հնագիտություն ուսանել է Բեռլինի համալսարանում, 1892-1896 թվականներին սովորել է Լայպցիգի և Հալլեի համալսարաններում։ 1897 թվականից դասախոսել է Գևորգյան ճեմարանում, 1898 թվականից՝ մատենադարանապետ։ 1900-1901 թվականներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ, 1901-1904 թվականներին՝ Երևանի թեմական տեսուչ, 1905-1906 և 1915-1917 թվականներին՝ Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-1908 և 1918-1919 թվականներին՝ Ս. Էջմիածնի «Արարատ» պաշտոնական ամսագրի խմբագիր։ Եղել է Սարդարապատի հերոսամարտի (1918 թվականի մայիսի 21-29) ոգեշնչողներից ու կազմակերպիչներից։ 1919 թվականից ԵՊՀ-ում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա. Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը։ 1927-1933 թվականներին՝ Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-1942 թվականներին՝ ԱՄՆ-ի հայոց Արևելյան թեմի առաջնորդ։ 1917 թվականից՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկական կենտրոններում, 1934-1938 թվականներին՝ սփյուռքում։ Հայ ժողովրդի և եկեղեցու պատմության տարբեր խնդիրների լուսաբանմանն են նվիրված «Ձագաւանից ժողովը» (1913), «Տարսայիճ Օրբելեանի և Մինա Խաթունի սերունդը» (ռուսերեն, 1913, հայերեն, 1948), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելեան Հայաստանում» և այլ երկեր։ Հայագիտության մեջ մեծ ներդրում է Հովսեփյանի «Խաղբակեանք կամ Պռոշեանք հայոց պատմութեան մէջ» եռահատոր աշխատությունը (1928-1943, 2-րդ հրատարակություն, 1969, Երուսաղեմի «Թարգմանչաց-Դուրյան» մրց.), որտեղ լրացվել է գրեթե չուսումնասիրված 13-15-րդ դարերի հայոց պատմությունը։ Նրա արվեստաբանական աշխատություններից են՝ Հավուց թառի Ամենափրկիչը և նույնանուն հուշարձանները հայ արվեստի մեջ։ Երուսաղեմ, 1937 թվականին, Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության։ Պրակ Ա-Ե, Տիրացու Հովհաննես, Նկարիչ ԺԸ դարում («Գեղարվեստ» 1917 № 6) և այլն[4]։ Հովսեփյանը հայագետ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է հնագիտական պեղումների (Գառնի, Արագած, Անի), նշանակալի գործ կատարել պատմահնագիտական և ճարտարագիտական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում։ Հովսեփյանիմատենագիտական բնույթի գործերը նվիրված են Մխիթար Սասնեցուն (1899), Խոսրովիկ թարգմանչին (1899), Թովմա Մեծոփեցուն (1914), Մխիթար Այրիվանեցուն (1930) և այլոց։ Հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից, 1892), այդ թվում և «Սասնա ծռեր» դյուցազնավեպի նոր տարբերակներ (1892)։ Արևմտահայ գաղթականության տարազի, նիստուկացի, սովորույթների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու (1917)։ Հետազոտել է հայ հնագիտությունն ու գրչության արվեստը («Գրչութեան արուեստը հին հայոց մէջ», 1913), տվել գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարեր։ Կազմել է մինչև 1250 թվականը գրված հայկական ձեռագրերի 459 հիշատակարանի հավաքածու («Յիշատակարանք ձեռագրաց», 1951)։ Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները («Մանրանկարչութեան արուեստը հայոց մէջ», 1902, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն)։ Երկար տարիների նրա աշխատանքն ամփոփվել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ)։
Հովսեփյանի աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն և այլ լեզուներով[5][6]։
Գարեգին Ա Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մահացել է 1952 թվականի հունիսի 21-ին Անթիլիասում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 580)։ ![]() |
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Ա Հովսեփյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գարեգին Ա Հովսեփյան» հոդվածին։ |
|