Գուհար Ջաան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1873 Ազամգարհ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Երկիր | Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | հունվարի 17, 1930 (56 տարեկան) Մայսուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մասնագիտություն | երգչուհի և պարուհի |
Գործիքներ | վոկալ |
Gauhar Jaan Վիքիպահեստում |
Գուհար Ջաան (ուրդու` گوہر جان (Gauhar Jaan), իրական անունը` Անջելինա Յոուվարդ (Angelina Yeoward), հունիսի 26, 1873, Ազամգարհ, Հյուսիսարևմտյան նահանգներ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 17, 1930, Մայսուր, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), հայկական ծագմամբ հնդկական երգչուհի և պարուհի (տավաիֆ` բարձրակարգ կուրտիզանուհի) Կալկաթայից։ Նա Հնդկաստանի առաջին կատարողներից մեկն էր, ով Gramophone Company of India ընկերության կողմից ձայնագրվել է 78 պտ/ր ձայնապնակի վրա[1][2]։
Գուհար Ջաանը ունի հայկական ծագում[3]։ Ծնվել է Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Ազամգարհ քաղաքում։ Նրա հայրը` Ուիլյամ Ռոբերտ Յոուվարդը ճարտարագետ էր և աշխատում էր չոր սառույցի արտադրությամբ զբաղվող գործարանում։ 1872 թվականին նա ամուսնացել է հնդկուհի Վիկտորյա Հեմինգսի հետ։ Վիկտորյան ուսանել էր երաժշտություն և պարեր։
1879 թվականին նրանց ամուսնությունը լուծարվել է, որի արդյունքում Վիկտորյան և դուստրը կանգնել են դժվարությունների առջև։ 1881 թվականին ամուսնացել է հավատքով մուսուլման, ազնվական Խուրշիդի հետ, ով ի տարբերություն Վիկտորյայի ամուսնու, բարձր էր գնահատում նրա երաժշտական տաղանդը, որից հետո նրանք տեղափոխվել են Բենարես։ Հետագայում Վիկտորյան ընդունելով իսլամ, փոխել է իր անունը և դարձել Մալկա Ջաան, իսկ դստերը անվանել Գուհար Ջաան[4]։
Ժամանակի ընթացքում Վիկտորյան Բենարեսում դարձել է հայտնի երգչուհի, հնդկական դասական կատհակ պարային ոճի կատարող և կուրտիզանուհի` Բադի Մալկա Ջաան անունով (Բադի` նշանակում էր ավագ, քանի որ Մալկա Ջաան անունով հայտնի էին ևս երեք երգչուհիներ)[5]։ 1883 թվականին Մալկա Ջաանը տեղափոխվել է Կալկաթա և հաստատվել Աուդի նաբոբ Վաջիդ Ալի Շահի ապարանքում։ Այստեղ նա ուսանել է հնդկական դասական վոկալ երաժշտություն, որը նրան դասավանդել են այնպիսի հայտնի վարպետներ, ինչպիսիք էին ուստադ Վազիր Խանը Ռամպուրից, ուստադ Ալի Բակշի Ջարնաիլը և կատհակի լեգենդար վարպետ Բրինդադին Մահառաջը` կատհակի հայտնի մասնագետ Բիրջու Մահառաջի պապը։ Շուտով Մալկա Ջաանը «Համդամ» կեղծանունով սկսել է ստեղծել գազելներ, տիրապետելով նաև Ռաբինդրանաթ Թագորի կողմից ստեղծված երգերին` Ռաբինդրա Սանգիտին[6]։
1887 թվականին Գուհար Ջաանը իր առաջին ելույթը ունեցավ Ռաջ Դարբհանգա արքայատոհմի պալատում[4] և Բենարեսում երաժշտական ու պրոֆեսիոնալ պարային կրթություն ստանալուց հետո հանդես է եկել որպես պալատական երաժիշտ[5]։ 1896 թվականին սկսել է ելույթներ ունենալ Կալկաթայում և կոչվել «առաջին պարուհի»։ Այնուհետև հանդիպել է պարսերի «Parsi theatre»-ի դերասան և բեմադրիչ Ամրիտ Կեշավ Նայակին և 1904-1905 թվականների ընթացքում նրա հետ ունեցել կարճատև մտերմիկ փոխհարաբերություններ` մինչ նրա մահը։ Վերջինս օգնել է Գուհար Ջաանին, վերագտնել իր ուժերը` մոր մահից հետո[7]։
Գուհար Ջաանն առաջին անգամ Մադրաս է այցելել 1910 թվականին և համերգներով հանդես եկել Վիկտորյայի հասարակական դահլիճում (Victoria Public Hall), որից հետո նրա հինդի և ուրդու լեզուներով երգերը լույս են տեսել թամիլերեն երաժշտական գրքում։ 1911 թվականին նրան հրավիրել են ելույթ ունենալու Դելիում գտնվող «Դելիի դուրբար» (Delhi Durbar) թագավորական պալատում, Ջորջ V-ի թագադրման արարողության ժամանակ, որտեղ նա հանդես է եկել զուգերգով[5]։ Կարծիք կա, որ հայտնի երգչուհի Բեգում Ախտարը, վաղ տարիքում լսելով Գուհար Ջաանի երգերը, փոխել է հինդի ֆիլմերում հանդես գալու իր որոշումը և նվիրվել հնդկական դասական երաժշտության ուսումնասիրման գործին։ Նրա առաջին ուսուցիչը եղել է ուստադ Իմդադ Խանը, ով մշտապես սարանգիով նվագակցում էր Գուհար Ջաանի և Մալկա Ջաանի դուետին։
Իր կյանքի վերջին օրերին Գուհար Ջաանը տեղափոխվել էր Մայսուր, ուր նրան հրավիրել էր մահառաջա Կրիշնա Ռաջա Վադիյար IV-ը։ 1928 թվականի օգոստոսի 1-ին Գուհար Ջաանը նշանակվել է «պալատական երաժիշտ»[6] և 18 ամիս անց, 1930 թվականի հունվարի 17-ին մահացել է Մայսուրում[8]։
Իր ստեղծագործական կյանքի ընթացքում (1902-1920 թթ.), Գուհար Ջաանը կատարել է մոտ 600 երգ` ավելի քան 10 լեզուներով[9], այդ թվում բենգալերեն, հինդի, գուջարաթի, թամիլերեն, մարաթհի, արաբերեն, պարսկերեն, փուշթուն, ֆրանսերեն և անգլերեն։ Իր ձայնագրությունները նա ավարտել է «Իմ անունը Գոհար Ջաան է» արտահայտությամբ[1][10]։
Գուհար Ջաանի շնորհիվ, հայտնի են դարձել հնդկական դասական երաժշտության այնպիսի ոճեր ու ժանրեր, ինչպիսիք են թհումրին, դադրան, կաջրին, չաիտին, բհաջանը, տարանան և այլն։ 1902 թվականին, գրամաֆոնի և ձայնապնակի ստեղծող Էմիլ Բեռլիների օգնական Ֆրեդ Գեյսբերգը[1], ձայնագրել էր Գուհար Ջաանին` հնդկական առաջին ձայնապնակի վրա, որտեղ նա կատարում էր դասական խայալ ոճի երգ[11][12]։ Ձայնագրությունը տեղի էր ունեցել Կալկաթայում։ 1903 թվականին նրա ձայնագրությունները հայտնվեցին շուկայում և մեծ պահանջարկ ունեին[13]։