Գևորգ Բաշինջաղյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 16 (28), 1857[1] |
Ծննդավայր | Սիղնաղ[1] |
Վախճանվել է | հոկտեմբերի 4, 1925[1] (68 տարեկան) |
Մահվան վայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1883)[1] |
Մասնագիտություն | նկարիչ, գրող և հասարակական գործիչ |
Ոճ | ռեալիզմ |
Ժանր | բնանկար |
Ուսուցիչ | Միխայիլ Կլոդտ[1] |
Զավակներ | Լևոն Բաշինջաղյան և Զաքար Բաշինջաղյան |
Գևորգ Բաշինջաղյան Վիքիդարանում | |
![]() |
Գևորգ Զաքարի Բաշինջաղյան (սեպտեմբերի 16 (28), 1857[1], Սիղնաղ[1] - հոկտեմբերի 4, 1925[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ նկարիչ, գրող, հասարակական գործիչ, ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիր։
Տնտեսագետ Զաքար և լեզվաբան Լևոն Բաշինջաղյանների հայրն է, այգեգործ, գինեգործ Սերգեյ Բաշինջաղյանի եղբայրը։
1876-1878 թթ. սովորել է Թբիլիսիի գեղանկարչության և քանդակագործության դպրոցում, 1879-1883 թթ.՝ Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, աշակերտել նշանավոր գեղանկարիչ Մ. Պ. Կլոդտին։ 1884 թվականին մեկնել է Իտալիա, ծանոթացել Վերածննդի և հետագա շրջանների եվրոպական արվեստին, ճանապարհորդել Շվեյցարիայում[2]։
Բաշինջաղյանի նկարների (շուրջ 1000) մեծ մասը հայկական բնապատկերներ են, որոնց բնորոշ են բնության մանրազնին պատկերումը՝ ակադեմիզմի որոշ տարրերով («Արարատ», 1883, «Խաչատուր Աբովյանի տունը Քանաքեռում», 1884)։ 1890-ական թթ. ստեղծել է վառ անհատականությամբ բնորոշվող հայրենասիրական կտավներ («Արարատ», 1895, «Դիլիջանի ճանապարհը», 1895, «Սևան», 1896, «Սևան։ Անձրևային օր», 1899)։ Բաշինջաղյանի նկարներն աչքի են ընկնում քնարերգականությամբ։ Իր կյանքի ընթացքում ստեղծել է մոտ 2000 կտավ։
Բնանկարչությունը ինքնուրույն ժանրի նշանակություն է ստացել Բաշինջաղյանի էպիկական և մոնումենտալ գործերում, որոնցում գեղարվեստական մեծ ընդհանրացումներով, համոզչականությամբ է վերարտադրված հայրենի բնությունը («Արարատ», 1912, «Վաղ գարուն»)։
Բաշինջաղյանը նաև պատմվածքների, նորավեպերի, ակնարկների, ուղեգրությունների, պիեսնեիի, հոդվածների հեղինակ է։ Զբաղվել է Սայաթ-Նովայի տաղերի հավաքման ու հրատարակման, հայկական ճարտարապետական կոթողների նորոգման խնդիրներով։
Բաշինջաղյանի գործերի մեծ մասը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
«Կեչիների պուրակ» ( 1883) նկարի համար արժանացել է Սանկտ Պետերբուրգի ակադեմիայի արծաթե մեդալի։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1883), նաև Ռուսաստանի հայաբնակ քաղաքներում, Փարիզում (1899, 1900) և այլուր։
Բաշինջաղյանի անունով է կոչվում Երևանի Աջափնյակ համայնքի փողոցներից մեկը։
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գևորգ Բաշինջաղյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 291)։ ![]() |