Էլվին Հարվի Հանսեն

Էլվին Հարվի Հանսեն
անգլ.՝ Alvin Harvey Hansen
Դիմանկար
Աջ կողմում՝ պրոֆեսոր Փոլ Դուգլաս, ձախ կողմում՝ Էլվին Հանսեն
Ծնվել էօգոստոսի 23, 1887(1887-08-23)[1][2][3]
ԾննդավայրViborg, Թերներ շրջան, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4]
Մահացել էհունիսի 6, 1975(1975-06-06)[1][2] (87 տարեկան)
Մահվան վայրԱլեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԴանիա-ամերիկյան
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4] և Yankton College?[4]
Ազդվել էՋոն Մեյնարդ Քեյնս
Երկեր«Բարգավաճման և ճգնաժամերի ցիկլերը ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում. 1902-1908 թվականների ամսական տվյալների ուսումնասիրություն[5]»
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԲրաունի համալսարան[4], Հարվարդի համալսարան և Մինեսոտայի համալսարան[4]
Զբաղեցրած պաշտոններընկերության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՏնտեսաչափական ընկերություն[7]
 Alvin Harvey Hansen Վիքիպահեստում

Էլվին Հարվի Հանսեն (օգոստոսի 23, 1887(1887-08-23)[1][2][3], Viborg, Թերներ շրջան, Հարավային Դակոթա, ԱՄՆ[4] - հունիսի 6, 1975(1975-06-06)[1][2], Ալեքսանդրիա, Վիրջինիա, ԱՄՆ)` «ամերիկացի Քեյնսը», Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր է, ժամանակակից տնտեսագիտական խնդիրների մասին լայնորեն կարդացված հեղինակ և կառավարության ազդեցիկ խորհրդատու, ում օգնությամբ ստեղծվեցին Տնտեսական խորհրդատուների խորհուրդը և սոցիալական ապահովագրության համակարգը։ Նա առավել հայտնի է դարձել 1930-ականներին քեյնսյան տնտեսագիտությունը ԱՄՆ-ում ներդնելու շնորհիվ։

Արդյունավետորեն բացահայտեց, ընդարձակեց, մշակեց և հայտնի դարձրեց Քեյնսի ներկայացրած գաղափարները «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսության» մեջ։ 1967 թվականին ԱՄՆ-ի Նախագահի տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Փոլ ՄըքՔրաքենը ողջունել է Հանսենին. «Դա, անշուշտ, փաստ է, որ դուք ավելի խորն եք ազդել տնտեսական քաղաքականության մասին ազգերի մտածողության վրա, քան դարի մեկ այլ տնտեսագետ»[8]։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆերմեր Նեյլս Հանսենի և Մարի Նիլսենի որդի Հանսենը ծնվել է 1887 թվականի օգոստոսի 23-ին Հարավային Դակոտայի Վիբորգ քաղաքում։ 1910 թվականին ավարտելով մոտակա Յանկտոնի քոլեջը՝ 1913 թվականին ընդունվում է Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան, որպեսզի ուսումնասիրի տնտեսագիտություն Ռիչարդ Թ. Էլիի և Ջոն Ռ. Քոմմոնսի մոտ, որոնցից էլ նա սովորեց տնտեսագիտության միջոցով սոցիալական հիմնախնդիրներին լուծումներ տալ։ 1916 թվականին բակալավրի աստիճան ստանալուց հետո ամուսնացել է Մեյբլ Լյուիսի հետ։ Նրանք ունեցել են երկու երեխա։

Ակադեմիական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա դասավանդել է Բրաունի համալսարանում, որի ընթացքում գրում էր իր դոկտորական դիսերտացիան՝ «Բարգավաճման և ճգնաժամերի ցիկլեր»։ 1918 թվականին ավարտելով իր դիսերտացիան (տպագրվել է 1921 թվական)՝ 1919 թվականին տեղափոխվում է արևմուտք՝ Մինեսոտայի համալսարան, որտեղ նա մինչև 1923 թվականը հաջողությամբ կայացավ որպես ուսուցիչ։ Հետագայում նրա «Բիզնեսի ցիկլի տեսությունը» (1927 թվական) և «Տնտեսագիտության սկզբունքները» ներածական տեքստը (1928 թվական, Ֆրեդերիկ Գարվերի հետ) նրան բերեց տնտեսագիտության պրոֆեսորների ուշադրության կենտրոն։ «Տնտեսական կայունությունը անհավասարակշիռ աշխարհում» գործը՝ գրված Գուգենհայմի հիմնադրամի օգնությամբ, որի շնորհիվ ֆինանսավորվել է 1928-1929 թվականների ճանապարհորդությունը, Հանսենը տպագրել է հասարակության ավելի լայն շրջանակների համար։ 1932 թվականին նա ընտրվել է ԱՄՆ-ի Վիճակագրական ասոցիացիայի անդամ[9]։

1937 թվականին նա հրավիրվում է ղեկավարելու Հարվարդի համալսարանի Լուցիուս Ն. Լիտաուերի անվան նորաբաց ամբիոնը։ Հարվարդում գրված իր առաջին գիրքը (1938 թվական) անում էր հետևյալ հարցադրումը՝ լրիվ վերականգնու՞մ, թե՞ լճացում, որը ուրվագծում է սեկուլյար(համաշխարհային) լճացման տեսության դրույթները։ Ավելի ուշ գրել է «Ամերիկայի դերը համաշխարհային տնտեսությունում» (1945 թվական) և «Տնտեսական քաղաքականություն ու լրիվ զբաղվածություն» (1947 թվական) գրքերը։ 1940-1945 թվականներին Դաշնային պահուստային խորհրդում եղել է Մարիններ Էկլսի հատուկ տնտեսական խորհրդատուն։ Ակտիվ ուսուցումից հետո (1956 թվական) գրել է «Ամերիկայի տնտեսությունը» (1957 թվական), «1960-ականների տնտեսական հարցերը և հիմնախնդիրները» (1964 թվական), «Դոլարը և համաշխարհային դրամական համակարգը» գրքերը։

Մահացել է 1975 թվականի հունիսի 6-ին 87 տարեկան հասակում Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում։

Տեսությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության տեսության մեջ իր ամենակարևոր ներդրումը Ջոն Հիքսի հետ համատեղ IS–LM մոդելի զարգացումն է, որը հայտնի է «Հիքս-Հանսենի սինթեզ» անվանմամբ։ IS–LM մոդելը արտահայտում է ներդրումների ու խնայողության և իրացվելիության նախապատվելիության ու փողի առաջարկի կորերի միջև փոխկապվածությունը։ Այն օգտագործվում է հիմնական տնտեսագիտական գրականության և դասագրքերի մեջ՝ ցույց տալու, թե ինչպես են դրամավարկային և ֆիսկալ քաղաքականությունները ազդում ՀՆԱ-ի վրա։

1938 թվականին գրված «Լրիվ վերականգնում կամ լճացում» գիրքում, որը հիմնված է Քեյնսի Ընդհանուր տեսության վրա, ներկայացվում է, որ և՛ տնտեսական աճը, և՛ զբաղվածությունը դառնում են լճացման՝ պահանջարկը խթանելու նպատակով պետական միջամտության բացակայության պայմաններում։

Հանսենը տարբեր առիթներով ապացույցներ է ներկայացրել այն մասին, որ ԱՄՆ Կոնգրեսը դեմ է գործազրկության օգտագործմանը՝ որպես գնաճի հաղթահարման հիմնական միջոց։ Փոխարենը, նա նշել է, որ գնաճը կարող է վերահսկվել տոկոսների և հարկերի փոփոխությունների, ինչպես նաև գների եւ աշխատավարձերի վերահսկողության միջոցով։

Վերջին ժամանակներում տնտեսական լճացման տեսությունը ավելի շատ կարելի է կապել Հանսենի գաղափարների հետ, այլ ոչ թե Քեյնսի[10]։

Հանսենը «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսության» մասին իր գրախոսության մեջ թերահավատորեն էր մոտենում Ջոն Մեյնարդ Քեյնսի առաջարկություններին, սակայն 1938 թվականի դեկտեմբերին ԱՄՆ-ի տնտեսական ասոցիացիային ուղղված իր ուղերձում նա ընդունում է քեյնսյան տնտեսագիտության անհրաժեշտությունը անկման շրջանում պետական միջամտություններ անելու համար։ 1937 թվականին Հարվարդ ժամանելուց քիչ անց դրամավարկային քաղաքականության մասին իր հայտնի սեմինարները սկսեցին ոգեշնչել այնպիսի շրջանավարտների, ինչպիսիք են Փոլ Սամուելսոնը և Ջեյմս Թոբինը (երկուսն էլ տնտեսագիտության բնագավառում արժանացել են Նոբելյան մրցանակի), ովքեր հետագայում զարգացրել և ավելի հայտնի են դարձրել քեյնսյան տնտեսագիտությունը։ Հանսենի՝ 1941 թվականին գրած «Դրամավարկային քաղաքականությունը և բիզնեսի ցիկլերը» գիրքը ԱՄՆ-ի տարածքում առաջին խոշոր գործն է, որն ամբողջությամբ աջակցում է Քեյնսի՝ Մեծ դեպրեսիայի պատճառների մասին վերլուծությանը։

IS-LM կորը, օրդինատների առանցքը արտահայտում է անվանական տոկոսադրույքը, իսկ աբսցիսների առանցքը՝ ազգային արդյունքը

Հանսենի ամենահայտնի ներդրումը տնտեսագիտության մեջ իր և Ջոն Հիքսի զարգացրած IS-LM մոդելն է, որը հաճախ հայտնի է «Հիքս-Հանսենի սինթեզ» անվանմամբ։ Այս մոդելը գրաֆիկորեն արտացոլում է ներդրումներն(I) ու խնայողություները(S) և իրացվելիության նախապատվելիությունն(L) ու փողի առաջարկը(M)՝ որպես ներկայացում այն բանի, թե ինչպես հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականություները կարող են փոխել ազգային եկամտի մեծությունը։

1938 թվականին գրված «Լրիվ վերականգնում կամ լճացում» գիրքը հիմնված էր Քեյնսի գաղափարների վրա և փաստում էր, որ առանց կառավարության կողմից կատարվող պահանջարկի միջամտության տնտեսությունում կհաստատվի աշխատուժի երկարաժամկետ լճացում։

Փոլ Սամուելսոնը Հանսենի ամենահայտնի ուսանողն էր։ Նա «Լրիվ վերականգնում կամ լճացում» գիրքը(1938 թվական) համարում է իր հայտնի «ակսելերատոր-բազմարկչի» մոդելի(1939 թվական) հիմնական ոգեշնչողը։ Լիսոնը(1997 թվական) ցույց է տալիս, որ չնայած Հանսենն ու Սամներ Սլիխտերը համարվում են քեյնսյան առաջատար տնտեսագետներ՝ նրանց աստիճանական հրաժարումը գնային կայունության գաղափարից նպաստեց քեյնսյանիզմի զարգացմանը, ինչը, սակայն, հակասում էի Քեյնսի գաղափարներին։

1930-ականների վերջին Հանսենը պնդեց, որ սեկուլյար(համաշխարհային) լճացում է հաստատվել, այսպիսով ԱՄՆ-ի տնտեսությունը չի կարող կրկին արագ տեմպերով աճել, որովհետև աճի բոլոր բաղադրիչները սպառվել են՝ ներառյալ տեխնոլոգիական նորարարությունները և ազգաբնակչության աճը։ Նրա առաջարկած միակ լուծումը բյուջեի մեծածավալ դեֆիցիտն է։

Այս տեսությունը շատ հակասական է, քանի որ քննադատները, ինչպիսին է Ջորջ Թերբորը, Հանսենին համարում են հոռետես և պարտվողական։ Հանսենը պատասխանեց, որ սեկուլյար լճացումը Քեյսնի՝ ոչ լրիվ զբաղվածության տեսության պարզապես մեկ այլ անվանումն է։ Այնուամենայնիվ, 1940 թվականին սկսված կայուն տնտեսական աճը հերքեց Հանսենի կանխատեսումները, և նրա լճացման տեսությունը մոռացվեց[11][12]։

Տնտեսական ցիկլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվին Հանսենի ամենակարևոր ներդրումներից մեկը տնտեսագիտության տեսության մեջ տնտեսական ցիկլերն են։ Իր «Բիզնեսի ցիկլերը և ազգային եկամուտը» գրքում նա ցիկլը սահմանում է որպես զբաղվածության, արտադրության և գների տատանում։ Ցիկլը բաժանվում է 2 փուլերի. ընդլայնում՝ ստորին կետից մինչև գագաթ(պիկ), կրճատում՝ պիկից մինչև ստորին կետ։

Ըստ նրա՝ գոյոթյուն ունեն կայուն և անկայուն ցիկլեր։ Անկայունությունը պայմանավորված է արտաքին ցնցումներով։ Հանսենը պնդում է, որ բիզնես ցիկլի վերլուծությունը պետք է հաշվի առնի տեխնիկական առաջընթացը, փողի շուկան և սպասումները[13]։

Հանրային քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանսենը պնդում էր, որ Մեծ դեպրեսիայի տարիներին ամերիկյան տնտեսությունը չի անցել ծանր բիզնես ցիկլի միջով, սակայն կորցրել է երկարաժամկետ դինամիկ զարգացման հնարավորությունները։ Դա ասելով՝ Հանսենն ի նկատի ուներ ոչ միայն զբաղվածության կայունացմանն ուղղված կառավարության հակացիկլային ծախսերը, այլ այնպիսի ծրագրեր, ինչպիսիք են գյուղական շրջանների էլեկտրաֆիկացումը, կեղտաջրերի հեռացումը, բնական ռեսուրսների պահպանությունը, ամեն բան, որը մասնավոր սեկտրի համար կստեղծի ներդրումային նոր հնարավություններ՝ այդպիսով վերականգնելով ամբողջ համակարգի համար այդքան անհրաժեշտ տնտեսական դինամիկան[14]։

Հանսենը ուսուցանել և ազդեցություն է ունեցել բազմաթիվ ուսանողների վրա, որոնք հետագայում զբաղեցրել են կառավարական պաշտոններ, աշխատել է տնտեսական հարցերով զբաղվող բազմաթիվ կոմիտեներում։ ԱՄն-ի տնտեսական ասոցիացիան 1967 թվականին նրան պարգևատրել է Walker մեդալով[15]։

Հանսենը հաճախ էր ելույթ ունենում Կոնգրեսի առաջ։ Նա դեմ էր արտահայտվում գնաճի դեմ պայքարում գործազրկության մակարդակի բարձրացմանը։ Նա պնդում էր, որ գնաճը կարելի է կարգավորել հարկային դրույքների և փողի առաջարկի միաժամանակյա փոփոխության, ինչպես նաև գների և աշխատավարձերի արդյունավետ կարգավորմամբ։ Նա նաև հորդորում էր կիրառել հարկաբյուջետային և այլ խթաններ լճացումը կանխելու համար, ինչն իր կարծիքով բնութագրական է հասուն, արդյունաբերական երկրներին։ Այնուամենայնիվ, Հանսենը եղել է քննադատների ուշադրության կենտրոնում. օրինակ՝ լրագրող Ջոն Ֆլինը պնդում էր, որ Հանսենի քաղաքականությունը դե ֆակտո ֆաշիստական է և ունի նմանություններ Իտալիայի բռնապետ Բենիտո Մուսոլինիի քաղաքականության հետ[16]։

Ֆրանկլին Ռուզվելտի և Հարի Թրումանի նախագահության տարիներին Հանսենն աշխատել է կառավարական կոմիտեներում որպես Դաշնային պահուստային խորհրդի, ԱՄՆ-ի Գանձապետարանի բաժնի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդի խորհրդատու։ 1935 թվականին օգնել է ստեղծել ԱՄՆ-ի սոցիալական ապահովագրության համակարգը, 1946 թվականին մասնակցել է «Ընդհանուր զբաղվածության մասին» օրենքի նախագծի կազմմանը և ստեղծել է Տնտեսական խորհրդատուների խորհուրդը։

1939-1945 թվականներին Չիկագոյի տնտեսագետ Յակոբ Վիների հետ եղել է Արտաքին կապերի խորհրդի տնտեսական և ֆինանսական խմբի կողմից իրականացվող «Պատերազմի և խաղաղության ուսումնասիրություն» ծրագրի համազեկուցող[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  5. https://archive.org/details/cyclesofprosperi00hansrich
  6. https://web.archive.org/web/20100706192002/http://homepage.newschool.edu/het//schools/aea.htm
  7. 7,0 7,1 https://www.econometricsociety.org/society/organization-and-governance/fellows/memoriam
  8. Miller (2002) p. 604
  9. View/Search Fellows of the ASA Արխիվացված 2016-06-16 Wayback Machine, accessed 2016-07-23.
  10. Hansen, Alvin H. Monetary Theory and Fiscal Policy, New York: McGraw-Hill, 1949
  11. Benjamin Higgins, "Concepts and Criteria of Secular Stagnation," in Lloyd Metzler, ed. Income, employment and public policy: essays in honor of Alvin H. Hansen (Norton, 1964), pp 82+
  12. Benjamin Higgins, "The Theory of Increasing Under-Employment," Economic Journal Vol. 60, No. 238 (Jun., 1950), pp. 255–274 in JSTOR
  13. Hansen, Alvin H. Business Cycles and National Income, London: Allen and Unwin, 1964
  14. American National Biography, New York: Oxford UP, 1999
  15. Walker Medalists, American Economic Association
  16. Flynn, John T. (1944). As We Go Marching (Doubleday & Co, Inc), see Part III: The Good Fascism: America
  17. Michael Wala (1994). The Council on Foreign Relations and American Foreign Policy in the Early Cold War. Berghahn Books. էջեր 38. ISBN 1-57181-003-X. «The rapporteurs of the Economic and Financial Group»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվին Հարվի Հանսեն» հոդվածին։