Գյուղ | |||
---|---|---|---|
Անտառամուտ | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Փամբակ (համայնք) | Փամբակ համայնք[1] | ||
Հիմնադրված է | 1870 թ. | ||
Այլ անվանումներ | Քոլագերան | ||
Մակերես | 5.49 կմ² | ||
ԲԾՄ | 1300 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 306[2] մարդ (2011) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | անտառամուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Անտառամուտ, գյուղ Հայաստանի Լոռու մարզի Փամբակ համայնքում[1]։
Վանաձոր քաղաքից հեռու է մոտ 14 կմ հյուսիս-արևելք։
Գյուղը հիմնադրվել է 1870 թվականին։ Նախկինում մտել է Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մեջ և կոչվել Քոլագիրան։ Անտառամուտ է վերանվանվել 1948 թվականին[3]։
Գյուղը հիմնադրել են հարևան Կուրթան գյուղից եկած Ավետիքյանները (Մատրուկանք), Հարությունյանները (Ըրիցանք), Գևորգյանները (Գևորգանք), Ոսկանյանները (Գյարանանք կամ Մորմոնջանք) և Սուքիասյանները (Սքոյանք)։ Մինչ 1872 թվականը գյուղ են տեղափոխվել մնացած 9 տոհմերը։
Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել 1941-45թթ․ պատերազմին, 140 մարդ մեկնել է ռազմաճակատ, որոնցից 64-ը զոհվել է, իսկ երեքը՝ Գուրգեն Արշակի Գևորգյանը (1915-1993),Դավիթ Սիմոնի Մեսրոպյանը (1918-2011) և Փաշո Ենոքի Գևորգյանը (1917-1979) մասնակցել են նաև սովետա-ֆիննական պատերազմին։ Զոհված մարտիկների պատվին 1968 թվականին գյուղում կառուցվել է հուշարձան-պուրակ։
Անտառամուտը զերծ չի մնացել նաև ստալինյան բռնապետությունից․ 1937-1939 թվականներին գյուղից աքսորվել է 11 մարդ։
Գյուղը տեղակայված է ծովի մակարդակից 1300 մ բարձրության վրա։ Ունի աղբյուրներ, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։ Այստեղ՝ Նավերի ձոր հանդամասում, գտնվում է «Աղվեսի քար» կոչվող վայրը, որում կան հին բերդի ավերակներ[4]։։
Կլիման բարեխառն լեռնային է՝ տևական, ցուրտ ձմեռներով։ Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ։ Ամառները տաք են, համեմատաբար խոնավ։ Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է մասնակի ոռոգման գոտում։
Գյուղի մոտակայքում կան նաև գորշ ածխի երևակումներ, որոնք չունեն արդյունաբերական նշանակություն։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի տվյալների` Անտառամուտի մշտական բնակչությունը կազմել է 306, առկա բնակչությունը՝ 278 մարդ[2]։ Հիմնական բնակիչները հայեր են (լոռեցիներ)[3][5]։
Անտառամուտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Տարի | 1886 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 233 | 470 | 539 | 637 | 641 | 407 | 494 | 410 | 306[2] |
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը (110 հա), խոտհարքները (55 հա)։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր ու արոտավայրեր՝ կազմելով, համապատասխանաբար, 22 և 218 հեկտար։ Գյուղի մասնագիտացված ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են դաշտավարությամբ, պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, սալոր), մշակում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ։
Գյուղի շրջակայքի հանդամասերում կան ավերակ գյուղատեղիներ, հին բերդի մնացորդներ։ Ունի կիսավեր եկեղեցի։
2013 թ.-ի դրությամբ գյուղն ունի դպրոց, գրադարան, բուժկետ և կապի հանգույց։