Արշակ Ֆեթվաճյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1866 |
Ծննդավայր | Տրապիզոն, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 10, 1947 (81 տարեկան) կամ հոկտեմբերի 7, 1947[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հռոմի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և փոստային բացիկների դիզայներ |
Ներշնչվել է | Չեզարե Մակկարի |
Արշակ Ֆեթվաճյան Վիքիդարանում | |
Arshak Fetvadjian Վիքիպահեստում |
Արշակ Աբրահամի Ֆեթվաճյան (հոկտեմբերի 1, 1866, Տրապիզոն, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 10, 1947 կամ հոկտեմբերի 7, 1947[1], Մեդֆորդ, Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), հայ նկարիչ։
Ծնվել է 1866 թվականին Տրապիզոնում, այն ժամանակվա Օսմանյան կայսրությունում։ Սովորել է Տրապիզոնի ազգային, ապա Կոստանդնուպոլսի Գեղարվեստի վարժարաններում, եղել վերջինիս անդրանիկ շրջանավարտներից (1987)։ Վերջինս բացվել է հայ քանդակագործ Երվանդ Ոսկանի կողմից։ 1887 - 1891 թթ. սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում՝ աշակերտելով Չեզարե Մակկարիին։ 1891 թ. մասնակցել է Իտալիայի նկարիչների ազգային ցուցահանդեսին։ 1891 - 1895 թթ. աշխատել է Վիեննայում, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, դարձել Ռուսաստանի նկարիչների ընկերության անդամ, մասնակցել պատկերահանդեսների։ XX-րդ դարի սկզբին նա շարունակեց ցուցահանդեսներ կազմակերպել, և նրա արվեստի գործերը ցուցադրվեցին Լուվրի (1919, 1920), Վիկտորիայի և Ալբերտի թանգարաններում։
Շրջել է Արևելյան Հայաստանում, նկարել հայկական հնագույն հուշարձաններ, ստեղծելով ավելի քան 2000 մատիտանկար ու ջրաներկ աշխատանքներ։ Նրա ստեղծագործությունների թվին են պատկանում` «Արևելյան փոստ», «Սասունցի կինը», «Մանուկ Հայաստան», «Ղևոնդ Ալիշան», «Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը», «Մատթեոս Իզմիլյան» և մի շարք այլ աշխատանքներ։ Ստեղծել է նաև պետական գործիչների, հայոց պատմության, դիցաբանության, ազգագրական թեմաներով աշխատանքներ, ինչպես նաև ընդօրինակումներ կատարել հայ մանրանկարչության նմուշներից, գեղագիտական հոդվածներով հանդես եկել մամուլում։ Ֆեթվաճյանի հետաքրքրությունները ընդգրկել են հայ ճարտարապետության պատմության, գրքի ձևավորման, ազգային տարազի, ասեղնագործության արվեստին առնչվող խնդիրներ։ Փարիզում ընտրվել է Ջրանկարիչների միջազգային ընկերության անդամ։
1922 թվականին Ֆեթվաճյանը գաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և բնակություն հաստատել Բոստոնում՝ Ամերիկայի հայկական համայնքի կենտրոնում՝ Մանուել Տեր Մանուելյանի օգնությամբ, ով Հայաստանի Հանրապետության հյուպատոս էր և ապրում էր Բոստոնում։ Ֆեթվաճյանը շարունակեց նկարել և ցուցադրել իր աշխատանքները, թեև նվազող մասշտաբով, քանի որ նա մեկուսացված էր և՛ գեղարվեստական, և՛ սոցիալական առումով և դժվարանում էր պատվերներ ստանալ։ Նյու Յորքում նա խորան է նախագծել Սուրբ Լուսավորչի հայկական տաճարի համար և դրա համար պատկերել Տիրամոր կերպավորումն իր մանկան հետ։
Մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 7-ին Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդ քաղաքում։Մահից հետո աճյունը տեղափոխվել և թաղվել է Երևանում, իսկ աշխատանքները, կտակի համաձայն, հանձնվել են Հայաստանի ազգային պատկերասրահին[2][3]։
Տարբեր աշխատանքներ՝
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Ֆեթվաճյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 623)։ |