Բրացո Դմիտրիևիչը միջազգային ճանաչում է ստացել 1970-ականների սկզբին «Պատահական անցորդ» (Casual passer-by) նախագծի շնորհիվ. տան ճակատամասում և գովազդային վահանակների վրա (այնտեղ, որտեղ սովորաբար տեղադրվում էին առևտրային գովազդներ) Զագրեբում, Փարիզում, Լոնդոնում, Նյու Յորքում, Վենետիկում, Բեռլինում, Միլանում, Դյուսելդորֆում տեղադրված են եղել պատահական անցորդների լուսանկարներ։ 1970-ականների կեսերին նա սկսել է «Triptychos Post Historicus» նախագիծը։ Նկարիչը ինստալյացիաներ է ստեղծել աշխարհի խոշոր թանգարաններում, որտեղ թանգարանային հավաքածուների գլուխգործոցները ցուցադրվել են սովորական առօրյա իրերի և բնական օբյեկտների (օրինակ` մրգերի ու բանջարեղենի) հարևանությամբ։ Նկարիչն իր ստեղծագործությունները անվանել է տրիպտիխներ, քանի որ դրանցում առկա են կեցության երեք պլաններ. նկարը` որպես գեղագիտության և պատմությանխորհրդանիշ, սովորական առարկաները` որպես առօրյա կյանքի խորհրդանիշներ, մրգերն ու բանջարեղենը` որպես բնության խորհրդանիշներ։
Վերջին երեսուն տարիների ընթացքում Դմիտրիևիչն իրականացրել է մոտ 500 «Triptychos Post Historicus» աշխարհի բազմաթիվ թանգարաններում, այդ թվում` Լոնդոնի Թեյթ պատկերասրահում, Փարիզի Լուվրում, Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանում և Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի պետական թանգարանում։ Նա մի քանի անգամ մասնակցել է «Documenta»-ին (հինգերորդ, վեցերորդ և իններորդ «Documenta»-ներին), Վենետիկի բիենալեին, Սան Պաուլոյի, Սիդնեյի, Հավանայի բիենալեներին։ Նա նաև մասնակցել է Փարիզի Ժորժ Պոմպիդու կենտրոնում գտնվող «Երկրի մոգերը» (Magiciens de la Terre) ցուցահանդեսին։
1980-ականների սկզբին Բրացոն սկսել է ինստալյացիաներ անել, որոնցում վայրի կենդանիները հակադրվում են արվեստի գործերին։ 1998 թվականին Փարիզի կենդանաբանական այգում տեղի է ունեցել նկարչի ինստալյացիաներով անհատական ցուցահանդեսը` առյուծների, վագրերի, կոկորդիլոսների, ուղտերի ու բիզոնների վանդակներում։ Նկարչի «Tractatus Post Historicus» (1976) գրքում նկարագրված են նրա երկու փորձառությունները. քննադատական աշխատանքները հանրային տարածության մեջ և ինտերվենցիան թանգարաններում։