Քաղաքը գտնվում է Իսրայելի առափնյա հարթավայրի հարավային մասում՝ ծովի մակարդակից 23 մետր բարձրության վրա, Թել Ավիվից հարավ-արևելք՝ Գուշ Դան քաղաքային ագլոմերացիայում։ Հարավ-արևմուտքում սահմանակից է Հոլոն քաղաքին, որի հետ սերտ կապված է ենթակառուցվածքներով։ Քաղաքի հյուսիս-արևելքում հոսում է Այալոն գետը։ Քաղաքը գտնվում է Իսրայելի կենտրոնում՝ երկրի ամենախիտ բնակեցված տարածքներից մեկում։ Ազորը հիմնականում բնակեցված է հրեաներով։ Քաղաքի հարավում հոսում է Յարոն գետը[2]։
Ազորի տեղում տարբեր նշանակության բնակավայրեր գոյություն են ունեցել դեռևս նախապատմական ժամանակներից։ Ազոր անունը առաջին անգամ հիշատակվել է ասորեստանյան արձանագրություններում, որոնք նկարագրում են Ասորեստանի թագավոր Սինաքերիբի նվաճումները մ.թ.ա. 701 թվականին։ Քաղաքում հայտնաբերվել է բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանի սինագոգ, ինչը հուշում է, որ դեռ այն ժամանակ հրեաները բնակվել են այս վայրերում։ Խաչակրաց Երրորդ արշավանքների ժամանակ (1189-1192) անգլիական թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը ժամանակակից Ազորի տարածքում ամրապնդել է իր դիրքերը, որպեսզի պաշտպաներ Երուսաղեմ տանող ճանապարհը։
13-րդ դարում առաջին անգամ հիշատակվել է արաբական Յազուրը։ Այս անունը մեկ անգամ չէ, որ հանդիպում է ճանապարհորդների և ուխտավորների նամակներում։ Նամակներում ասվում է, որ բոլոր ոչ մուսուլմանները պետք է վճարեին Ազորով ճանապարհորդելու համար։
1936-1939 թվականների անկարգությունների ժամանակ արաբ ազգայնականները արմատավորվեցին Ազորում՝ կրակելով հրեական տրանսպորտային շարասյուների վրա, ինչը բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ։ Իսրայելի անկախության համար պատերազմի ժամանակ արաբ ազգայնականները փակել են ռազմավարական նշանակություն ունեցող Թել Ավիվ-Երուսաղեմ մայրուղին, որն առաջացրել է Երուսաղեմի շրջափակումը, որտեղ այն ժամանակ բավականին մեծ թվով հրեա բնակիչներ կային։
Հագանայի յոթ անդամներ սպանվել են շրջափակումը ճեղքելու համար մղվող մարտերում, և նրանց համար հուշարձան է կանգնեցվել։ Քաղաքը արաբներից ազատագրելուց հետո այստեղ հիմնվել է հրեական Ազոր քաղաքը։ Նոր քաղաքի բնակիչների մեծ մասը հայրենադարձներ էին Լեհաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Բուլղարիայից և Թուրքիայից։ 1951 թվականին բնակավայրը ստացել է տեղական խորհրդի կարգավիճակ։
Ազորի տարածքում իրականացված հնագիտական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ պատմական առարկաներ՝ նախապատմական իջևանատեղիներ և դամբարաններ, ինչպես նաև էնեոլիթի դարաշրջանի գերեզմանոց՝ կերամիկական ոսկրատներով, բյուզանդական շրջանի ջրավազան, քանանացիների, փղշտացիների, հին Իսրայելի և հռոմեական դարաշրջանների հուշարձաններ, ամրոցի մնացորդներ խաչակրաց արշավանքների ժամանակներից, որի աշտարակներից մեկը հետագայում վերածվել է մզկիթի և գմբեթավոր կառույց, որը մուսուլմանները համարում են Իմամ Ալիի դամբարանը։
Ազոր քաղաքի զինանշանը տեղեկություններ է պարունակում քաղաքի անցյալի մասին․
սև անկյունագիծը խորհրդանշում է Երուսաղեմ-Յաֆա հնագույն ճանապարհը
յոթ աստղը անկյունագծով խորհրդանշում է Իսրայելի պաշտպանության բանակի 7 զինվորներին, ովքեր մահացել են քաղաքի վրա հարձակման ժամանակ
զինանշանի վերևում գտնվող ամրոցը խորհրդանշում է Ազորում գտնվող պատմական շենքերը
թփերը խորհրդանշում են քաղաքի նախկին արաբական անունը
զինանշանի ստորին մասում գտնվող շենքերը խորհրդանշում են ժամանակակից քաղաքը, այստեղ պատկերված են տեղական խորհրդի շենքը և արդյունաբերական ձեռնարկությունը[3]։